National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.05.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին:

Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին եւս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն եւ ցավալի հարց է Երեւանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաեւ այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու եւ դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձեւավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում եւ չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը  շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին եւ հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am